Բոլորս էլ հավատում ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ Ձմեռ պապիկների բնակավայրը Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները, իսկ մյուսում` մանկական խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե, անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս, լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել, իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով` իր փայտը: Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի զգեստը նույնպես միանգամից չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին Հոլանդիայում նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա նվերներ էր գցում երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ հայ Ձմեռ պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում: