Posted in Գրականություն 7

Ռափայել Պատկանյան – Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;

Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:

Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:

Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;

Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:

Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Leave a comment