Posted in Գրականություն 7

Ամանորյա հայկական մաղթանքներ

Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները՝ և՛ նուռը կարմիր, և՛ խնդությունը մարդկային հոգու, և՛ հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:

***
Մաղթենք, որ խաղաղավետ ու աներկրաշարժ լինի այս Ամանորը, և մարդը ցնցվի միայն բարի խոսքի
առատությունից:

***
Ամանո՛ր, խաղաղությամբ ու բարությամբ լցրո՛ւ ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ ավելի մեծ է երևում, ունեցածը՝ հազարապատիկ շատ:

***
Եվ մարդն ասաց Նոր տարուն. «Ե՛կ, լո՛ւյս ու խաղաղությո՛ւն թափիր իմ երդիկից, մնացածը ինքս կանեմ՝ աշխարհը պահելով առատության մեջ»:

***
Ամանո՛ր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպե՛ս արա, որ ոչ պատանին շտապի տարեց դառնալ, ոչ էլ տարեցը, չորս ոտք արած, ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:

***
Ամանո՛ր, խաղաղության մեջ պահի՛ր եզրերն ու միջնաշխարհը: Իմ ամբարներն ու մառանը լցրո՛ւ մի քիչ պակաս, հարևանիս՝ երկու անգամ շատ, հեռավոր հարևանիս՝ երեք անգամ շատ: Եվ ես նրանց չափ հարուստ կլինեմ:

***
Մաղթենք, որ խաղաղ լինի Նոր տարին: Խաղաղությունը կարող է տիեզերքը պռնկեպռունկ լցնել առատությամբ:

***
Նոր տարին մտնում է յուրաքանչյուրիս հարկի տակ և դառնում հայրենյաց պատմության մի ծալքը: Հետնորդներին երևում են միայն խաղաղաշեն ու հայերնաշեն ծալքերը:
***
Տիեզերքը մեծ է, բայց Նոր տարին ու տիեզերական
խաղաղությունն սկսվում են մարդուց:

***
Ամանո՛ր, խաղաղության մեջ պահի՛ր և՛ համայն աշխարհը, և՛ առանձին-առանձին ամեն տուն: Եվ թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

***
Զա՛րմդ հայկյան, շնորհավորի՛ր նաև նրանց Նոր տարին, ովքեր հայերեն են խոսում, բայց ճակատագրի քմահաճ խաղով բեկվել են հայրենի հողից և ապրում են այս աշխարհի մոտ ու հեռավոր անկյուններում: Խաղաղությո՛ւն և տունդա՛րձ մաղթիր նրանց:

***
Յուրաքանչյուր մարդ մի քայլ է անում հին ու նոր տարվա սահմանագլխին: Բայց քայլ գցելուց առաջ պիտի հին ափին թողնի ոխը, չարակամությունը և կռվարար ոգին: Այդ ամենը շալակին պահող մարդու համար Նոր տարի չկա:

***
Շնորհավոր լինի քո Նոր տարին, բարեկա՛մ: Խաղաղ և Նոր տարվա առաջին օրվա պես ուրախ անցնեն կյանքիդ բոլոր օրերը:

***
Նոր տարում մի՛ խոսիր ո՛չ քո, ո՛չ էլ ուրիշի տարիքի մասին: Նոր տարին ջահելություն է, և ջահելի պես պիտի անփույթ լինել գլորած տարիների հանդեպ:

***
Բարի խոսքով պիտի սկսել Նոր տարին, որպեսզի բոլոր շարունակությունները բարի լինեն:

***
Հայրենի հողի վրա Նոր տարին Նոր տարի է, օտարության մեջ՝ պատրանք:

Posted in Գրականություն 7

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր տեղերում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:

Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:

Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
– Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:

Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում տունը:

Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:

Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:

Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում, որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:

Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի։ Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է, և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:

Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:

Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:

Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:

Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:

Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:

Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին: