Posted in Կենսաբանություն 7

Փափկամարմիններ

Փափկամարմինները, անողնաշարավորների առանձին տիպ են։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։ Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը։ Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար։

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով։ Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ։ Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում։

Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով։ Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի։ Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս։ Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է։ Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը։ Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել։

Leave a comment