Posted in Բնագիտություն

Ինչպես փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից:

Պատկերացնո՞ւմ ես, որ միայն վերջին 100 տարում մարդիկ երկրի ընդերքից արդյունահանել են այնքան օգտակար հանածո­ներ, որքան մինչ այդ՝ մարդկու­թյան ողջ պատմության ընթաց­քում: Ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել են նորերը, խոշոր արհեստական շի­նություններ՝ արհեստական ջրամբարներ, ցամաքային հաղորդակցության ուղիներ և այլն: Ընդհանուր առմամբ մարդն արդեն կառուցապատել է երկրագնդի այնքան մասը, որը գրեթե 150 անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Այժմ մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի վտանգավոր չափերի է հասել, որ բնությունը հաճախ ի վիճակի չի լինում ինքնուրույն վերականգնելու իրեն հասցված վնասները: Մարդու կողմից բնության աղտոտման անասելի չափերը արդեն վտանգում են ոչ միայն շատ բույսերի ու կենդանիների, այլ մեր իսկ առողջությունը, նույնիսկ գոյությունը:

Արդյունաբերական տարբեր ձեռնարկություններից արտանետված գազերի քանակը տարեցտարի շատանում է: Այդ գազերը, ինչպես ջերմոցում, «թաղանթի» պես ծածկել են երկրագնդի օդային ավազանը և չեն թողնում, որ Արեգակից ստացված ջերմությունը նորից վերա­դառնա տիեզերք: Ջերմության այդ ավելցուկի պատճառով բևեռային շրջաններում սկսել են հալչել հսկա սառցադաշտերը, որի հետևանքով, ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 60մ կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: Համաշխարհային օվկիանո­սի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով կծածկվեն ծովափնյա լայնարձակ հարթավայրերի հսկայական տարածքներ:
Մենք գիտենք, որ մար­դու և կենդանի օրգանիզմների համար կենսական նշանակու­թյուն ունեցող թթվածին գազը արտադրում են կանաչ բույսերրը: Մթնոլորտի թթվածին արտադրող հիմնական «ֆաբրիկաները» անտառներն են:

Տնտեսության կողմից փայտի պահանջարկը անընդհատ աճում է, դրա համար էլ անընդհատ աճում է նաև հատվող անտառների քանակը։ Մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր ծառի աճը տևում է տարիներ, իսկ այն կարելի է ոչնչացնել մեկ ակնթարթում:
Երկրագնդի անտառների կրճատման հետևանքով Աֆրիկայի, Ասիայի անծայրածիր անապատները ընդարձակվում են, անդառնալիորեն ոչնչանում են անտառային արժեքավոր բուսատե­սակները, կենդանիների բնակության վայրերը և այլն:

Մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի չափերի է հասել, որ երկրագնդի բնական միջավայրի բոլոր խնդիրները հիմնավորապես լուծելու համար անհրաժեշտ է միավորել ողջ մարդկության, աշխարհի բոլոր երկրների ջանքերը:
Այդ է պատճառը, որ աշխարհի երկրները, իրար հետ համագործակցելով, իրակա­նացնում են բնապահպանական տարա­բնույթ միջոցառումներ՝

  • կրճատում են մթնոլորտ արտանետ­վող «ջերմոցային» գազերի քանակը,
  • վերականգնում կամ տնկում են նոր անտառներ,
  • կառուցում են գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերը թունավոր նյու­թերից մաքրող կայաններ,
  • բույսերի, կենդանիների և բնական միջավայրի այլ բաղադրիչների պահ­պանության նպատակով հիմնում են բնության հատուկ պահպանվող տա­րածքներ՝ ազգային պարկեր, արգե­լոցներ և այլն

Դիտեք ֆիլմը, անգլերեն է, բայց շատ մատչելի.

Ֆիլմից թարգմանում և դուրս ենք գրում շրջակա միջավայրի պահպանման կանոնները: Պատկերներհ, որպես հուշում, ձեզ կօգնեն։

 

1. Ավելի հաճախ ցնցուղ ընդունեք, ոչ թե լոգանք
2. Ատամները լվացեք ջրով բաժակի օգնությամբ, ոչ թե ծորակի ջրով
3. Ծաղիկները ջրեք ցնցուղով, ոչ թե ռետինե խողովակի  հոսող ջրով
4. Շանը կամ հեծանիվը լվանալիս օգտագործեք դույլով ջուր
5. Ծորակը փակիր ամուր, ջրի կորուստ չունենալու համար
6. Անջատեք համակարգիչը, հեռուստացույցը կամ ռադիոն, եթե այդ պահին չեք օգտագործում
7. Անջատեք լույսը, երբ հեռանում եք սենյակից: Ցերեկային ժամերին մի վառեք սենյակի լույսը
8. Մի գնա մեքենայով այնտեղ, որտեղ կարող ես գնալ քայլելով կամ հեծանիվով
9. Աղբը թափիր իր տեսակի համար նախատեսված աղբամաններում
10. Այնպես արա, որ սննդի մնացորդները պարարտանյութ դառնան
11. Խնայիր թուղթը՝ օգտագործելով երկու կողմը 
12. Մի թափիր հագուստը, խաղալիքները և գրքերը, այլ նվիրիր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն
13. Երբ շանը զբոսանքի ես տանում, մաքրիր նրա հետևից
14. Տնկիր շատ ծառեր, նրանք մեզ թթվածին են տալիս

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ

Սիրելի սովորողներ, ընտանեկան դպրոցին առաջարկում եմ հետևյալ բնապահպանական առաջադրանքները, կարող եք մասնակցել ձեր ընտրությամբ որևէ մեկին։ Ստորև ներկայացնում եմ մուլտադարան, որից կարող եք օգտվել։

  • Ընտրում եք նշված մուլտադարանից մուլտֆիլմ, դիտում ընտանիքի անդամների հետ, քննարկում: Պատրաստում տեսաֆիլմ, ռադիոնյութ կամ պատում:
  • Ընտանիքով քննարկում և ներկայացնում եք ինչ միջոցառումների շրջանակում կարելի է պահպանել մթնոլորտի մաքրությունը:
  • Բնակարանի օդափոխում:
  • Ստեղծում եք շրջակա միջավայրի պահպանման, բարելավման ձեր ընտանեկան կանոնները:

Մուլտադարան՝

Տղան և Երկիրը — 2.48 րոպե

Փրկել Երկիրը —78 րոպե

Օզոնային շերտ — 1O րոպե

Մարդը սպանում է մոլորակը— 3.36 րոպե

Leave a comment